Մինչխորհրդային Հայաստանում ծանր արդյունաբերություն գրեթե չի եղել, բացառությամբ պղնձի արտադրությունից։ Խորհրդային իշխանության տարիներին ծանր արդյունաբերության զարգացման նախադրյալ հանդիսացավ առաջին հնգամյակների տարիներին մի շարք էլեկտրակայանների (Երևանի, Լենինականի, Ձորագետի, Քանաքեռի և այլն) կառուցումը։ Հետագայում շարք մտան հանրապետության ծանր արդյունաբերության առաջնեկները՝ Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) քիմիական կոմբինատը, Երևանի սինթետիկ կաուչուկի, հաստոցաշինական գործարանները, Հայ էլեկտրագործարանը, Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատը, հիմնովին վերակառուցվեցին պղնձի արդյունաբերության Ղափանի ու Ալավերդու կոմբինատները։ Ետպատերազմյան տարիներին արագորեն զարգացան ծանր արդյունաբերության առաջատար ճյուղերը՝ մեքենաշինությունն ու մետաղամշակությունը, էլեկտրաէներգետիկան, շինանյութերի և քիմիական արդյունաբերութունը։
Հայաստանի ծանր արդյունաբերության կառուցվածքում հատկապես բարձր տեմպերով են զարգացել մեքենաշինությունը և դրա առաջատար ճյուղերը՝ էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական արդյունաբերությունը, սարքաշինությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 115)։